«Որոշ բաներ չենք ուզում բացենք». Ծառուկյանը՝ զինվորների առաջնագծում ծառայելու մասին

Երբ մենք հարցը տալիս ենք, ոչ թե պատահական, որոշ պատկերացումներով ուզում ենք ինչ-որ դիվիդենտ շահենք, այլ բոլորս էլ հասկանում ենք, որ անփորձ երեխան 6 ամիս պատրաստվում է, մյուս 6 ամիսն էլ թող կրակոցային տարածքներում չլինի:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է, որ նոր բանակ զորակոչված զինվորը առաջին մեկ տարին ծառայություն չանցնի առաջնագծում:

Ծառուկյանի խոսքով, իրենք հանդիպում են ծնողներին, զրուցում են. «Մենք գիտենք այսօր իրավիճակը, որոշ բաներ չենք ուզում բացենք, բայց մեր ասածն այն է, որ որքան մարդը շատ փորձ ձեռք բերի… մեր զինվորներն են, մեր երեխաներն են: Սա է մեր ասածը: Որ ոչ թե անընդհատ առաջին գիծ կանգնեն, այլ մի քիչ այն տարածքներում լինեն, որտեղ այնքան վտանգավոր չի, կրակոցներ չկան»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր գործող կարգավորումներով նորակոչիկը 5 ամիս ուսումնական ժամանակահատվածից հետո մայն կարող է ծառայության անցնել առաջնագծում, իսկ ԲՀԿ-ն առաջարկում է այդ ժամկետը հասցնել 1 տարվա: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախագծին: