Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողների /ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 15-ին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման ու պետական պարգևների։
Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ համակարգի բոլոր աշխատակիցներին, Հանրապետության Նախագահը մասնավորապես նշեց, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարևորագույն մասն ու առանցքը:
«Ընտրելով ոստիկանի մասնագիտությունը՝ դուք ընտրել եք օրենքին ու օրինականությանը ծառայելու, օրենքն ու կարգուկանոնը պաշտպանելու, պետությանն ու քաղաքացուն ծառայելու դժվարին ճանապարհը»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին ու համակարգի աշխատակիցներին ոստիկանության օրվա առթիվ, մաղթեց առողջություն, հաջողություններ և անվտանգ ծառայություն:

Նյութի աղբյուր՝ police.am