Arcanc hertagrum

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում բուժսպասարակում ստանալու համար հնարավոր է հերթագրվել առցանց

Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում  բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով։

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության համագործակցության արդյունքում պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս  բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։

Առցանց հերթագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պոլիկլինիկայի էլեկտրոնային համակարգում արդեն գրանցված է քաղաքացու բջջային հեռախոսի համարը (այսինքն, քաղաքացին արդեն մեկ անգամ այցելել է պոլիկլինիկա կամ հեռախոսազանգի միջոցով է հերթագրվել՝ գրանցելով իր բջջային համարը)։ Առաջին անգամ հեռախոսազանգով կամ այցի միջոցով հերթագրվելուց և անհրաժեշտ տվյալները գրանցելուց հետո, հետագա այցերի համար քաղաքացիները կարող են հերթագրվել արդեն առցանց եղանակով։