Meghadranqy chndunvec

Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը

Դատախազությունը երկրորդ անգամ չհաստատեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունները։  Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, հայտնեցին Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրյալների կատարած արարքները ճիշտ չեն որակվել, և որոշում է կայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը կայացրել է ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։

Մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերեւույթ վկայում են այն մասին, որ պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահելով իրենց լիազորությունները, մինչեւ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու եւ այդ պաշտոնում մինչեւ 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու, այդ գործընթացը բնականոն ընթացակարգով իրականացնելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, առերեւույթ կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականը, ներկայացրել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը եւ 2018թ. մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Դրա հետեւանքով էական վնաս է պատճառվել ՀՀ սահմանադրական դատարանի օրինական շահերին: Արդյունքում կատարված արարքը ծանր հետեւանքներ է առաջացրել ՀՀ օրինական շահերի համար՝ հանգեցնելով սահմանադրի՝ ՀՀ քաղաքացիների կամաարտահայտության չիրագործման: Վերջինս արտահայտվել է նրանում, որ 2015թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձեւավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, իրենց կազմից, առանց վերընտրվելու իրավունքով 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով, Սահմանադրական դատարան ունենալու կամարտահայտություն՝ ունենալով այդ կարգավորմամբ ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիք, ինչն արհեստականորեն խոչընդոտվել, չի իրագործվել վերը նշված արարքի հետեւանքով։ Այսինքն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բ.-ի արաքը առերեւույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:

Հետեւաբար դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը եւ նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»։