10 հազար դրամի գողության համար դատապարտված Հասմիկի գործը բեկանվեց

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր` ապրիլի 18-ին բեկանեց 10.000 դրամի գողության համար դատապարտվսծ, երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել նրա իրավունքների խախտումները:

Նշենք որ արդեն մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը: Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000:

Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177-րդ հոդված) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017-ի սեպտեմբերին վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ Ընտանիքը գոյատեւում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում, որն արդեն երկար ժամանակ է, ինչ պարտքերի պատճառով հոսանքազրկված է։ Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետեւանքն են նաեւ երեխաների մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրները։