Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունն է եղել

2019 թ․-ի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանի նոր՝ թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունը «Վերածնունդ» հիմնադրամի և «The Interactive World» կազմակերպության համագործակցությամբ։

Արխիվային լուսանկարների և անձնական տեսա-ձայնագրությունների հետ տարված հետազոտական աշխատանքների արդյունքում այժմ այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Սարոյանի վերակերտված կերպարը՝ երեք տարբեր տարիքներում։

12 տարեկան Կարեն Մանգարյանը ներկայացնում է Սարոյանին դեռևս պատանեկության շրջանում, երբ վերջինս հեռագրեր էր բաժանում Ֆրեզնոյի փողոցներում և հոգու խորքում երազում մի օր մեծ գրող դառնալու մասին։ Արդեն հասուն և կայացած գրողին, ով իր փառքի գագաթնակետում էր գտնվում, վերապատկերում է երգահան, դերասան և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իսկ, ահա, բոլորիս քաջածանոթ Սարոյանին՝ արդեն պատկառելի հասակում՝ իր հանրահայտ բեղերով, բարեսիրտ հայացքով և հեծանիվների հանդեպ տածած իր հատուկ սիրով, վերապատկերում է հայտնի բարերար Շանթ Հովնանյանը։

Սարոյանի սենյակի վերակազմությունը կատարվել է Դեն Վեյների՝ 1953 թ.-ին արված լուսանկարի հիման վրա։

Սարոյանի տուն-թանգարանից հայտնում են, որ եւս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում դերասաններին և նախագծի վրա աշխատող բոլոր մարդկանց՝ այն իրագործելու կամքի և պատրաստակամության համար։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Արթուր Ջանիբեկյանի կողմից և արդեն տարիներ շարունակ պահպանում և տարածում է Սարոյանի մտավոր ժառանգությունը։ 2016 թ.-ին հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում, և այն վերածվեց ժամանակակից նորագույն ձևաչափերին համապատասխանող տուն-թանգարանի։ Բացումը տեղի ունեցավ 2018 թ․-ի օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110-ամյակի տոնակատարության շրջանակներում։

Հիշեցնենք, որ թանգարան կարող են այցելել բոլոր ցանկացողները։ Գրանցման համար պետք է այցելել կայքէջը՝ www.saroyanhouse.com: