Iran coronavirus

Իրանում կորոնավիրուսից ևս 75 մարդ է մահացել. վարակվածների թիվն անցնում է 10 հազարը

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրի տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 1,075 դեպք, որից 75-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ վարակվել է 10,075 մարդ, որից 429-ը մահացել է: Ապաքինվել է 3,276 հիվանդ:

Մարտի 12-ին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Վարակի տարածումը կանխարգելելու համար պաշտոնյաները շարունակում են քաղաքացիներին հորդորել տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Իրանցիներին նաև կոչ են արել զերծ մնալ Նովրուզի օրերին միմյանց այցելելուց, հայտնում է RegionMonitor-ը:

Սակայն մարտի 12-ին ԻԻՀ առողջապահության նախարարը դժգոհել է, որ, չնայած հորդորներին, հասարակությունը շարունակում է այնքան էլ լուրջ չվերաբերվել կորոնավիրուսին: Ըստ նրա՝ իրանցիները շարունակում են ճամփորդել, քաղաքներում դեռ եռուզեռ է, առևտրի կենտրոններում՝ նախկինի նման մարդաշատ, փողոցներում՝ խցանում:

Միաժամանակ, ըստ Թեհրանի քաղաքապետարանի, քաղաքում երթևեկությունը նվազել է 50 տոկոսով: Կորոնավիրուսի պատճառով այս շաբաթ ևս բոլոր նահանգներում չեղարկվել են ուրբաթօրյա աղոթքները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չեղարկվել է նաև հոգևոր առաջնորդի նովրուզյան ելույթը:

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և ևս 2 նախարարի մոտ, սակայն այս լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Հայտնի է նաև, որ կորոնավիրուսից բուժվել է առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին: