patahar

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Երեկ՝ մարտի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 20։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ քաղաքացին մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի և Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ։ Քննչական խումբը պարզել է, որ ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 TV 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արզական գյուղի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ե-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։ Հիվանդանոց ժամանած քննիչները վարորդ Աշոտ Մ-ին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերել են հիվանդանոցի բակում։ Մինչ քննիչները զննություն էին կատարում, ոստիկանությա Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին պարզել, թե որտեղ և ինչ պայմաններում է դեպքը եղել ու արդեն ժամանելով հիվանդանոց՝ ականատես են լինում, որ քննիչներն արդեն աշխատում են։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։