Pashinyan

Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, հանել հավասարակշռությունից. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)

«Ես դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք սադրանքների։ Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետեւ մենք իրավունք չունենք տրվել սադրանքների»,- Սասուն Միքայելյանին նկատի ունենալով՝ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով անդրադառնալ առավոտյան տեղի ունեցած միջադեպին՝ վարչապտն ընդգծեց՝ իրենց անընդհատ, ամեն օր ուզում են շեղել իրենց արժեքներից։

«Այս ամբիոնից էր այդ նույն մարդն ասում մեզ՝ պադյեզդներում ծեծելո՞ւ եք։ Նրանք մեզ ուզում են դարձնել պադյեզդներում իրենց ծեծողներ, նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից։ Եվ, այո՛, այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ որ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ։ Ամեն օր դառնում է բռնության զոհ՝ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի եւ նրանց խորհրդարանական սպասարկողների կողմից։ Սա է ճշմարտությունը։ Եվ ես ուզում եմ խոսել նաեւ օրենքի եւ օրինականության տեսակետից։ ՀՀ քրեական օրենսգրքում կաշառքը համարվում է հանցագործություն, բայց առանձին վերցրած հանցագործություն էլ կա՝ կաշառքի սադրանքը։ Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետեւանքները։ Սա է իմ գնահատականը այսօր տեղի ունեցած միջադեպին։ Եվ, այո՛, ես դատապարտում եմ մեզ եւ դատապարտում եմ ինձ։ Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր եւ անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա թող որեւէ մեկին հուսավառ չանի։

Այդ առիթով նա հիշեց հեղափոխության առիթով իր գրած տողերը. «Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի»։

Փաշինյանը նկատեց, որ, այո՛, այդ ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, ինչի մասին խոսել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Վարչապետն ասաց, որ այդ ամեն ինչը կապ ունի բազմաթիվ եւ բազմապիսի քրեական գործերի հետ։ «Որովհետեւ, երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները։ Եվ շատ կենսական հարց է լուծվում այսօր։ Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը։ Որովհետեւ նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ՝ կա՛մ մենք պետք է դառնանք պադյեզդներում ծեծողներ, կա՛մ մեր թիմակիցները պետք է վախենան պադյեզդներ մտնելուց։ Թույլ չենք տա, այո՛, այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկեցնենք։ Դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին։ Ես 100 անգամ ասել եմ այս մարդկանց՝ գնացեք նայեք հարյուրավոր ելույթներ։ Գնացեք տեսեք, թե ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, գնացեք տեսեք, թե ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից եւ գնացեք տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող իշխանության հետ՝ ասելով, որ մի քանի վայրկյան խոսելու եմ, անդրադառնալու եմ ելույթի, բայց ափսոսում եմ այդ մի քանի վայրկյանը»,- շարունակեց նա։

Վարչապետը շեշտեց. «Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, եւ այդ միջադեպը այլեւս երբեք չպետք է կրկնվի»։

Ասաց, որ երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, բայց այդ մասշտաբային փոփոխության ընթացքում այդպիսի միջադեպեր չեն եղել, բռնության դրսերում որեւէ մեկի նկատմամբ չի եղել, եւ էլի միակ բռնության դրսեւորման հեղինակը եղել է նույն մարդը՝ Սասուն Միքայելյանը, որը պլաստիկե շիշը ուղղորդել էր դեպի տխրահռչակ Լեւոն Երանոսյանը։

«Եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքայելյանին, թերեւս դրանով էլ կավարտվեր միջադեպը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ միջադեպի պահին Անդրանիկ Քոչարյանը շիշը հետ քաշեց Սասուն Միքայելյանի ձեռքի մոտից:

Այնուհետեւ շարունակելով իր խոսքը՝ Փաշինյանն ասաց. «Բայց ես էլի ուզում եմ ասել՝ այո,՛ ժողովո՛ւրդ, մենք այսօր պարտվեցինք։ Ես դատապարտում եմ, հարգելի՛ պարոն Միքայելյան ձեզ, ես դատապարտում եմ ինձ, ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ՝ ծառայության ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»:

Այնուհետեւ անցնելով 2019 թվականի Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթին՝ վարչապետն ասաց, որ հարկ չի համարում զեկույցի մասին խոսել: Ընդգծեց, որ նախորդ օրը իր պլանավորած ելույթից ընդամենը վերջին նախադասությունը կօգտագործի՝ վերցնելով այն մարտահրավերը, որ այդ ամբիոնից նետել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դաշտի ֆլորայի եւ ֆաունայի մասին։

«Բայց ես այլաբանական խոսակցությունը կուզեմ տեղափոխել իրական խոսակցության եւ ասել՝ որպես կառավարության գործունեության չգիտեմ՝ ուղղակի, թե անուղղակի արդյունք՝ 2019 թվականի ընթացքում 3-րդ հանրապետության պատմության մեջ եղել է նվազագույն ծառահատումը ՀՀ տարածքում, այդ թվում եւ՝ Տավուշի մարզում։ Եվ 2020 թվականի մայիսին արձանագրվել է, բայց դե ֆակտո դա տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին, երբ կովկասյան ընձառյուծը 1970 թվականից հետո առաջին անգամ երեւացել է իմ հայրենի Տավուշի մարզում եւ իմ պապենական գյուղ Ենոքավանի տարածքում։ Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում եւ շատ ուրախալի իրադարձություն։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ազատագրված Շուշին եւ կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում, բռնությունից զերծ Հայաստանում»,- եզրափակեց վարչապետը։ Ելույթից հետո ԱԺ-ում ծափահարություններ հնչեցին։