Լավ լուր.Գագիկ Սուրենյան

Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Օր-օրի տաքանալով 2-3 աստիճանով, արդեն ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+16, նախալեռնային բնակավայրերում +18․․․+20, հովտային բնակավայրերում +20․․․+22 աստիճանի։ Երեւանում նույնպես, այսօր ցերեկվա +8․․․+10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը։

Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաեւ ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ։ Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ եւ տեղումները կլինեն առանձին հատվածներում եւ շատ կարճատեւ, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»: